Հայաստանում հաստիպված երեք երկրների դեսպանների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Եվրամիության հետ համագործակցության հեռանկարները եւ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հարցերը։
Դեկտեմբերի 23-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ խմբակցության անդամներ՝ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանը եւ Քրիստինե Վարդանյանը, ընդունել են Հայաստանում Շվեդիայի դեսպան Եվա Սունդքվիսթին, Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին եւ Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքին։
Հանդիպման ընթացքում պատգամավորները հյուրերի խնդրանքով ներկայացրել են իրենց տեսակետները Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Խոսակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն համագործակցության հարցին՝ ընդգծելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ աջակցության կարեւորությունը։
Պատգամավորները նաեւ բարձրաձայնել են Ադրբեջանի հետ խաղաղության ապահովման հարցը։ Նրանք մտահոգություն են հայտնել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի եւ Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման խնդիրների շուրջ։ Խմբակցության անդամները նաեւ հայտնել են իրենց մտահոգությունը Հայաստանում, ըստ իրենց գնահատականի, գրանցվող ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ։