ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Հարգելի՛ գործընկերներ, Մեր հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ շարունակվող հակամարտությունները, վստահության խարխլումը և մարդու իրավունքների խախտումները մարտահրավեր են նետում ԵԱՀԿ...
Հարգելի՛ գործընկերներ,
Մեր հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ շարունակվող հակամարտությունները, վստահության խարխլումը և մարդու իրավունքների խախտումները մարտահրավեր են նետում ԵԱՀԿ տարածքում կայունությանը։ Այսպիսի պայմաններում եվրոպական անվտանգության ճարտարապետության հիմքում ընկած սկզբունքները և հանձնառությունները շարունակում են լինել առավել քան արդիական։
ԵԱՀԿ-ն շարունակում է լինել բացառիկ հարթակ՝ մասնակից պետությունների միջև երկխոսության և վստահության ամրապնդման համար։ Սակայն Կազմակերպության արդյունավետությունը սերտորեն կապված է ԵԱՀԿ հանձնառությունների բարեխիղճ կատարման հետ։ Այսօր ԵԱՀԿ առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների հիմքում ընկած են ոչ թե ինքնին սկզբունքները, այլ հանձնառությունների և դրանց իրականացման միջև առկա բացը։ Սա ընդգծում է գործող հանձնառությունների կատարումն ամրապնդելու և անվտանգության ի հայտ եկող մարտահրավերների համատեքստում ԵԱՀԿ գործիքակազմի և մեխանիզմների արդյունավետությունը և պատշաճ արձագանքն ապահովելու անհրաժեշտությունը։
Սպառազինությունների վերահսկումը, վստահության ամրապնդման միջոցառումները և ստուգման մեխանիզմները շարունակում են մնալ ԵԱՀԿ-ի՝ անվտանգության համապարփակ մոտեցման կարևոր բաղադրիչները։ Վստահելի սպառազինությունների վերահսկումը և ստուգման մեխանիզմները կարող են նպաստել թափանցիկությանը, կանխատեսելիությանը և ռիսկերի նվազեցմանը՝ դրանով իսկ ամրապնդելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Այդուհանդերձ, պրակտիկայում և դատելով փորձից՝ սպառազինությունների վերահսկման մեխանիզմների արդյունավետությունը և վստահելիությունը վերջիվերջո կախված են անվտանգային իրողություններին, դրանց ի հայտ գալուն զուգընթաց, արձագանքելու և էսկալացիայից խուսափելու համար գործուն երաշխիքներ ապահովելու կարողությունից։
Վերջին տարիների զարգացումներն ի ցույց են դրել այդ մեխանիզմների սահմանափակումները՝ համարժեք արձագանքելու փոփոխվող անվտանգային իրողություններին։ Այս մարտահրավերն էլ ավելի է ընդգծվում արագ տեխնոլոգիական զարգացումների և պատերազմի վարման փոփոխվող մեթոդների պայմաններում, որոնք շարունակում են վերափոխել անվտանգային միջավայրը։ Արդի անվտանգային մարտահրավերների արձագանքման առկա գործիքակազմի արդիականության և արդյունավետության պահպանումը, ինչպես նաև արձագանքման կարողունակությունը հետևաբար պետք է շարունակեն լինել մասնակից պետությունների կարևոր առաջնահերթություն։
2025թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում իմ վերջին ելույթից ի վեր մեր տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալի զարգացումներ։ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարները, վերջինիս՝ որպես վկա, ստորագրեցին Համատեղ հռչակագիր՝ Հարավային Կովկասում բացելով խաղաղության, բարեկեցության և տարածաշրջանային համագործակցության նոր էջ։
Վաշինգտոնի գագաթնաժողովն էական հնարավորություն է ստեղծել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության առավել լայն օրակարգի առաջմղման համար։ Այս համատեքստում փոխկապակցվածությունը հանդիսանում է նոր տարածաշրջանային իրողության կարևոր հենասյուն։
Այս պայմանավորվածություններին համահունչ՝ Հայաստանն աշխատանքներ է իրականացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ մշակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) փոխկապակցվածության նախագծի շրջանակը։ Հունիսի սկզբին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի և Միացյալ Նահանգների պետքարտուղարի կողմից ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ հանդիսացավ այդ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին։ Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության սկզբունքների վրա՝ ԹՐԻՓՓ նախագիծը նպատակ ունի խթանել միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային փոխկապակցվածությունը, խթանել տարածաշրջանային և համաշխարհային առևտուրը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։
Հայաստանը կարևորում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացը՝ որպես ավելի լայն տարածաշրջանային կայունության և փոխկապակցվածության կարևոր բաղադրիչ՝ Հարավային Կովկասում և դրանից դուրս առավել կանխատեսելի և համագործակցային միջավայրի խթանմանն ուղղված շարունակական ջանքերի շրջանակում։


