Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ հայկական կուսակցությունների դիմումը ԵՄ ղեկավարությանը
Որպես Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ հայկական կուսակցությունների ներկայացուցիչներ՝ մենք, Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ, հրատապությամբ և պատասխանատվությամբ...
Որպես Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ հայկական կուսակցությունների ներկայացուցիչներ՝ մենք, Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ, հրատապությամբ և պատասխանատվությամբ դիմում ենք ԵՄ ղեկավարությանը, գագաթնաժողովին մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև մեր քաղաքական ընտանիքների ղեկավարներին՝ բարձրաձայնելու համար Հայաստանում տիրող հակաժողովրդավարական զարգացումների և Ադրբեջանում մեր հայրենակիցների և արցախահայության խնդիրների մասին։
ՀՀ կառավարությունը հաճախակի փորձում է ներկայացնել ժողովրդավարական առաջընթացի միջազգային կերպարը։ Սակայն այս պատկերը խիստ տարբերվում է իրականությանը։ Իրականում Նիկոլ Փաշինյանի վարչակազմը համակարգված կերպով ամրապնդում է իր իշխանությունը՝ թուլացնելով ինստիտուցիոնալ հակակշիռները և օգտագործելով իրավապահ և դատական համակարգերը քաղաքական հակառակորդների և հոգևորականների դեմ։ Այս պայմաններում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում հղի է վտանգավոր ուղերձով, որը կարող է հանգեցնել ժողովրդավարական նահանջի անտեսմանը՝ պարզապես քաղաքականապես հարմար հանգամանքների պատճառով։
Մենք կոչ ենք անում ձեզ չանտեսել հետևյալ հստակ իրողությունները.
1. Ժողովրդավարական նահանջ և քաղաքական ճնշումներ։ Հայաստանի ժողովրդավարական ցուցանիշները վատթարացել են, ինչը հաստատվում է ազատության, թափանցիկության և ժողովրդավարական կառավարման մասին միջազգային գնահատականներով։ Դատական և իրավապահ մեխանիզմները օգտագործվում են որպես քաղաքական գործիքներ, իսկ խաղաղ բողոքի ցույցերը սահմանափակվում են։
2. Քաղաքական բանտարկյալներ։ Քաղաքական դրդապատճառներով կալանավորված է ավելի քան 50 անձ, և այս թիվը շարունակաբար աճում է։ Շարունակական լռությունը այս գործերի շուրջ սպառնում է «նորմալացնել» քաղաքական դրդապատճառներով բանտարկությունը։
3. Պետական ճնշումը Հայ Առաքելական Եկեղեցու վրա։ Կառավարությունը համակարգված կերպով հետապնդում է Հայ Առաքելական եկեղեցին՝ օգտագործելով դատական հայցեր, ճանապարհորդության արգելքներ և քաղաքական արշավ։ Հոգևորականներ կալանավորվում են կեղծ մեղադրանքներով, եպիսկոպոսներին սահմանափակվում է ճանապարհորդությունը, իսկ դատարանները օգտագործվում են եկեղեցական իշխանությունը հաղթահարելու համար։ Ամենաակնառուն այն է, որ իշխող կուսակցությունը իր ծրագրում հստակորեն ներառել է կաթողիկոսի հեռացման հարցը, ինչը հակասահմանադրական հարձակում է սահմանադրությամբ պաշտպանված հաստատության վրա։
4. Մեդիայի ճնշումը և ազատ խոսքի քայքայումը։ Անկախ լրատվամիջոցները և լրագրողները բախվում են ֆիզիկական հարձակումների, սպառնալիքների և պետական աջակցության զրկման հետ, ինչի արդյունքում կրճատվում է ազատ խոսքի տարածքը և աճում է գրաքննությունը։
Մենք օգտագործում ենք այս առիթը՝ կոչ անելու ձեզ անդրադառնալ նաև Ադրբեջանի կառավարության գործողությունների հետևանքով ստեղծված իրականությանը, որոնք լրջորեն խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարները։
5. Հայ ռազմագերիներ Ադրբեջանում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կալանքի տակ մնում են 19 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, չնայած պաշտոնական հակառակ պնդումներին։ Շարունակվում են կտտանքների և բեմադրված դատավարությունների մասին հաղորդագրությունները։
6. Արցախի էթնիկ զտումները և վերադարձի հրամայականը։ Լեռնային Ղարաբաղի/Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանումը և տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը չպետք է լռության մատնվեն։ Միջազգային իրավունքը պարտավորեցնում է Ադրբեջանին երաշխավորել բոլոր տեղահանված անձանց անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձը հայրենիք, պարտավորություն, որը եվրոպացի առաջնորդները պետք է ակտիվորեն պաշտպանեն։
Մեր ուղերձը եվրոպացի առաջնորդներին հստակ է։ Սա քաղաքական հստակության պահ է։ Ներգրավումը չպետք է լինի սկզբունքների հաշվին։ Մենք կոչ ենք անում ձեզ․
Հրապարակավ և միանշանակ պահանջել Հայաստանում բոլոր քաղաքական բանտարկյալների և Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակումը։
Հստակորեն խոսել Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումների և լրատվամիջոցների ազատության սահմանափակումների դեմ։
Ապահովել հավասարակշռված ներգրավվածություն՝ հանդիպելով ընդդիմադիր ուժերի, անկախ քաղաքացիական հասարակության և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։


