Երաշխավորված խաղաղության հայեցակարգը․ ինստիտուցիոնալ երաշխիքների անհրաժեշտության մասին
Իմ վերլուծությունից ելնելով՝ միջազգային հարաբերությունների պատմությունը հստակ ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ բացակայում են ինստիտուցիոնալ երաշխիքները, ի վերջո, գործում է ուժի իրավունքը։ Այս կարևոր...
Իմ վերլուծությունից ելնելով՝ միջազգային հարաբերությունների պատմությունը հստակ ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ բացակայում են ինստիտուցիոնալ երաշխիքները, ի վերջո, գործում է ուժի իրավունքը։ Այս կարևոր դիտարկումը հիմք է հանդիսանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Երաշխավորված խաղաղություն» հայեցակարգին, որը ներկայացվել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում։
Քննարկումների ընթացքում հստակ դարձավ, թե որքան զգայուն և կենսական է անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքների հարցը Հայաստանի համար։ Պոպուլիստական նկատառումներով այս հայեցակարգը մերժելը և ստորադասելը կուսակցական, նախընտրական շահին նշանակում է չհասկանալ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և չտեսնել այս լարվածությունից դուրս հանելու թերևս միակ ճանապարհը։
«Երաշխավորված խաղաղությունը» հիմնված չէ կողմերի բարի կամքի վրա, այլ ելնում է միջազգային քաղաքականության իրատեսական տրամաբանությունից։ Կայուն խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ գոյություն ունեն դրա ապահովման մեխանիզմներ և խախտման համար պատասխանատվության համակարգ։ Խոսքը վերաբերում է պրագմատիկ հարաբերությունների ստեղծմանը միջազգային այն դերակատարների հետ, որոնք շահագրգռված են տարածաշրջանային հավասարակշռության վերականգնմամբ, և որոնց ռազմավարական շահերը համընկնում են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հետ։
Հայեցակարգին արձագանքելով, շրջանառության մեջ է մտել այն թեզը, թե Հայաստանի անվտանգության երաշխիքները արդեն իսկ եղել են, սակայն ճակատագրական պահին դրանք չեն աշխատել։ Արդյունքում առաջարկվում է, որ Հայաստանը պետք է ինքն իրեն դարձնի «երաշխավորված խաղաղության» երաշխավոր։ Սակայն այս փաստարկը պարունակում է հիմքային տրամաբանական սխալ։ Եթե գործող անվտանգության մեխանիզմները անբավարար կամ ոչ արդյունավետ են եղել, դա չի նշանակում ընդհանրապես հրաժարում երաշխիքներից, այլ դրանց վերանայում և ինստիտուցիոնալ ամրապնդում։ Երաշխիքներից հրաժարվելը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև ուղղակիորեն խորացնում է ռազմավարական խոցելիությունը։ Պետությունը, որը գտնվում է հարևանների հետ ռազմական և ժողովրդագրական դիսբալանսի իրավիճակում, միայնակ չի կարող լինել խաղաղության երաշխավոր։
Այս համակարգի կարևոր բաղադրիչն է մոնիթորինգի և երաշխիքների մանդատը, որը կարող է ձևավորվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով։ Սակայն դրա արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն իրավական ձևակերպումներով, այլ նաև երաշխավորող պետությունների քաղաքական կամքով և նրանց ռազմավարական շահերի համընկնմամբ Հայաստանի հիմնարար շահերի հետ։ Հենց այդ պատճառով հայեցակարգը ենթադրում է դաշնակցային հարաբերությունների վերաիմաստավորում՝ հռչակագրային պարտավորություններից դեպի չափելի, ձևականացված պատասխանատվության և գործնական աջակցության գործիքներ։
Խաղաղությունը չի կարող պահպանվել, եթե չկա խախտման դեպքում գործարկվող պատասխանատվության մեխանիզմ։ Հետևաբար խաղաղության պայմանագիրը պետք է ներառի ավտոմատ քաղաքական և տնտեսական հետևանքներ, խախտումների միջազգային քննության պարտադիր ընթացակարգ և նախապես համաձայնեցված արձագանքման միջոցներ։ Առանց նման դրույթների ցանկացած համաձայնագիր մնում է խոցելի։
Հատուկ կարևոր է անդրադառնալ երաշխիքների «գնի» խնդրին։ Ռազմավարական քաղաքականությունում գին միշտ գոյություն ունի, սակայն անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքների բացակայությունը արդեն ունեցել է Հայաստանի համար ծանր հետևանքներ։ Հետևաբար, խնդիրն այն չէ՝ գին կա, թե ոչ, այլ այն, թե արդյոք այն կլինի գիտակցված, հաշվարկված և համաչափ ազգային շահերին։ Շատ ավելի վտանգավոր է, երբ երաշխավորված խաղաղության բացակայությունը հանգեցնում է անկանխատեսելի և պարտադրված կորուստների։
Անհրաժեշտ է հատուկ ընդգծել՝ «երաշխավորված խաղաղությունը» ոչ մի կապ չունի Հայաստանի արտաքին կախվածության հետ։ Դրա ամբողջ իմաստը կայանում է Հայաստանի ռազմավարական նշանակության և սուբյեկտության վերականգնման մեջ։ Խոսքը վերաբերում է այն համակարգի ձևավորմանը, որտեղ երկրի անվտանգությունը հիմնված է ոչ թե քաղաքական խոստումների, այլ սեփական կարողությունների զարգացմանը համընթաց շահերի համընկնման, պարտավորությունների հստակեցման և արձագանքման իրական մեխանիզմների ներդրման վրա։
Վերջապես, այսօր Հայաստանի առաջ կանգնած է հիմնարար ընտրություն. կամ երկրի անվտանգությունը ինստիտուցիոնալացված է միջազգային երաշխիքների և պատասխանատվության մեխանիզմների միջոցով, կամ մեր պետությունը շարունակում է ապրել ուժային ճնշումների տրամաբանության մեջ։ Միջազգային քաղաքականությունում երրորդ տարբերակ պարզապես


