Երևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, որին կմասնակցի Կանադայի վարչապետը
Երևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ նիստը, որին կմասնակցեն 48 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Այս մասին հայտնում է Եվրոպական հանձնաժողովը։ Գագաթնաժողովի...
Երևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ նիստը, որին կմասնակցեն 48 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Այս մասին հայտնում է Եվրոպական հանձնաժողովը։
Գագաթնաժողովի ամենահետաքրքիր ու նորույթներից մեկը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի մասնակցությունն է հյուրի կարգավիճակով։ Սա առաջին անգամ է, երբ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի ղեկավարը ներկա կլինի ԵՔՀ-ի նիստին։
Հրավիրվածների ցանկում, բացի ԵՄ-ի 27 անդամ պետություններից, ընդգրկված են նաև Ալբանիան, Անդորրան, Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Իսլանդիան, Կոսովոն, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Սան Մարինոն, Սերբիան, Շվեյցարիան, Թուրքիան, Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը։
Գագաթնաժողովը, որի կարգախոսն է «Կառուցում ենք ապագա. միասնություն և կայունություն Եվրոպայում», կհավաքի առաջնորդներ ողջ մայրցամաքից։ Ըստ Եվրահանձնաժողովի տեղեկությունների՝ առաջնորդները կքննարկեն, թե ինչպես ավելի սերտորեն համագործակցել և համակարգել գործողությունները ժողովրդավարության կայունության ամրապնդման, փոխկապակցվածության զարգացման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության բարձրացման համար։
Նիստի համանախագահներն են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը ԵՔՀ գագաթնաժողովին Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցության հաստատում չի ստացել։


