Իշխանության անօրինական գործողություններին հակազդելու միակ միջոցը՝ հանրային մթնոլորտի փոփոխությունն է

Այս տարվա ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի իշխանությունների անօրինական գործողություններին և դրանց վերարտադրությանը հակազդելու միայն մեկ միջոց կա. հասարակական մթնոլորտի փոփոխություն և տեխնոլոգիապես կոմպետենտ աշխատանք։ Այս կարծիքն ունի «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։

Ես փաստում եմ, որ իշխանությունը բաց տեքստով ասում է. «թույլ չեմ տալու՝ այլ ուժեր ԱԺ-ում մեծամասնություն կազմեն»։ Ի պատասխան դրա, ինչպես նշվում է, քաղաքական-հանրային ակտիվը լուրջ դեմքով արձագանքում է՝ «կրկնելու են մոլդովական սցենարը»։ Սա, սակայն, ոչ թե լուծում է, այլ խնդիրը խորացնող մոտեցում է։

Իշխանությունն ունի օրինական միակ տարբերակ՝ հավաքել մեծամասնություն։ Իհարկե, դա անհնար է։ Տապալել է նաև այլընտրանքային տարբերակները՝ պրոքսի ուժեր աճեցնելու և դրանց հետ դաշինք կազմելու փորձերը։ Ուրեմն, մնում է մյուս «գործիքակազմը»՝ բռնել, գործ հարուցել, չգրանցել, սպառնալ և այլն։

Իշխանությունը շատ լավ գիտի, որ ստվերային պայմանավորվածությունները սառույցի վրա գրված բաներ են։ Ամեն ինչ որոշելու է երկրի մթնոլորտը։ Եթե մթնոլորտը փոխված լինի, որևէ պայմանավորվածություն չի գործելու։ Հենց դրա համար էլ իշխանությունն առանձնապես ջանք չի թափում որևէ մեկի հետ նախնական որևէ բան պայմանավորվելու համար։

Հակաիշխանական ճամբարում պետք է սկսեն ավելի լրջորեն մոտենալ հնարավոր զարգացումներին։ Կրկնել, թե մոլդովական սցենար է լինելու և շարունակել հանդարտ քարոզարշավը, մի քիչ լուրջ չէ։

Նախ պետք է սկսել խորությամբ հասկանալ, թե վերջը ի՞նչ է այդ մոլդովական սցենարը, հասկանալ դրա էությունն ու տեխնոլոգիական լուծումները։ Պետք է գիտակցել, որ իշխանությունները հանուն իրենց վերարտադրության գնալու են հնարավոր բոլոր անսպասելի քայլերին և կոշտ սցենարներին։ Պետք է հաշվարկել կոնտր-քայլերն ու հակազդեցության սցենարները։ Իսկ դրանք կան։

Կա՞ արդյոք հաշվարկ-վերլուծություն, թե ի՞նչ առանձնահատկություններ ունի հայկական «մոլդովական սցենարը»։ Ի՞նչ տարբերակներ կան, ամեն տարբերակն ի՞նչ ռիսկեր է պարունակում (այդ թվում՝ իշխանության համար), և այլն։ Վստահ չեմ։

Ավելին, այսօրվա ընդդիմադիր խաղի կանոններն ու բարքերը տեսնելով, չի բացառվում, որ որոշ ուժեր լուռ ողջունեն այս կամ այն ընդդիմադիր ուժի հանղեպ անօրինականությունները։ Նայած՝ ով ինչ խնդիր է դնում։

Եթե կա պատրանք, թե Հայաստանում մոլդովական սցենարի դեպքում Մոսկվայից կլինի ինչ-որ աջակցություն կամ ռեակցիա, ապա արժի հիշել նույն Մոլդովայի օրինակը. Մոսկվան շատ հանգիստ ընդունեց իրողությունը, և ոչինչ չկատարվեց։ Նույն կերպ կատեգորիկ սխալ է պնդել, թե այս իշխանությունը ի՞նչ այլանդակություն էլ անի, Արևմուտքը աչք է փակելու։ Դա այդպես չէ, և կա աշխատանքի հսկայական ծավալ, որը պետք է անել այս ուղղությամբ։ Մնացածը սովորական ինքնաարդարացում է՝ սեփական չարածի պատճառով։

Ասել, թե պլան B չկա, նշանակում է ասել՝ արեք ինչ ուզում եք։ Ասել՝ ա՜յ, եթե էսինչ ուժը չմասնակցեր ընտրություններին, ավելի լավ կլիներ, նեղ-մերկանտիլ մտածողություն է։ Ասել, թե չպետք է ձայն փոշիացնել, բայց համախմբման համար ոչ մի քայլ չանել, անհասկանալի է։

Կոպիտ սխալ է՝ ընտրական պրոցեսին նայել միայն ֆավորիտների աչքերով կամ շահերով։ Կան զգալի թվով գործիչներ՝ քաղաքական-հանրային, զգալի թվով անհատներ՝ ազդեցիկ, ազնիվ, միավորներ, որոնք չունեն ինքնուրույն շեմ հաղթահարելու ռեսուրս կամ դժվարանում են գտնել իրենց ակտիվ մասնակցության ձևը, բայց որոնք կարող են ազդել հանրային կարծիքի վրա։ Եթե ընդդիմադիր ֆավորիտները պրոցեսին նայեն իրենց թվացյալ ֆավորիտ դիրքերից, ապա շատ արագ դառնալու են կապույտ սկուտեղի վրա մատուցված թիրախ իշխանության համար։ Ընդդիմադիր դաշտը պիտի պատրաստ լինել բոլորին ներգրավել պայքարում՝ հնարավոր «մոլդովական սցենարի» զարգացման դեպքում։ Բոլորին՝ ֆավորիտ, չֆավորիտ, մասնակցող-չմասնակցող, բոլոր ակտիվ շրջանակներին, օր օրի ակտիվացող հասարակությանը պետք է պատրաստել իշխանության որևէ անօրինական սցենարի դեմ պայքարելու։ Մեծ հաշվով, իշխանությունն այս պայքարը կառաջնորոշի։