Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հայտնել է, որ ավստրո-գերմանական ջութակահար և մանկավարժ Կառլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» ձեռնարկի հայերեն թարգմանությունը լույս է տեսել և կտրամադրվի պրոֆեսիոնալ երաժիշտների և մանկավարժների համար։ Այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Ըստ Թոփչյանի՝ այս նախագիծը բեկումնային է հայկական երաժշտական կրթության համար, քանի որ Կառլ Ֆլեշի աշխատանքը համարվում է ջութակի դասավանդման ամենահեղինակավոր մեթոդներից մեկը։ Նա հիշել է, թե ինչպես է ինքն իր դասարանում օգտագործել Կառլ Ֆլեշի գամմաները՝ հասնելով ֆենոմենալ արդյունքների։ «Մեզ համար դա նման էր Աստվածաշնչին։ Դասի յուրաքանչյուր նիստ սկսվում էր նրա գամմաներով», – նշել է նա՝ հավելելով, որ նրա աշակերտների շարքում էր նաև իր կինը՝ նշանավոր ջութակահար Անուշ Նիկողոսյանը։
Հայերեն թարգմանությունը հրատարակվել է Բեռլինի Ries & Erler հրատարակչության հետ համագործակցությամբ։ Գերմաներենից հայերեն թարգմանիչն ու գլխավոր խմբագիրն է ջութակահար, Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Բադալյանը։ Նա նշել է, որ թարգմանության ամենահիմնական դժվարությունը գերմաներենի գեղեցկությունը և շարադրանքի հստակությունը հավասարակշռելն էր։
Այս նախագիծը հնարավոր է դարձել Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամի ջանքերով՝ «Ամարյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Գիրքը լույս է տեսել 300 օրինակ տպաքանակով, սակայն լիցենզիայի շնորհիվ կարող է հրատարակվել նաև 200 դասագիրք։ Ըստ Primavera հիմնադրամի համահիմնադիր Ելենա Յակովլևայի՝ գիրքը կտրամադրվի անվճար միայն մասնագետներին՝ պրոֆեսիոնալ մանկավարժներին և երաժիշտներին։
Նախագծի նշանակության մասին խոսել է նաև Primavera հիմնադրամի ջութակի բաժնի ղեկավար Մաքսիմիլիան Սիմոնը՝ նշելով, որ այս գրքի հայերեն թարգմանությունը լուծում է երկար տարիներ շարունակ գոյություն ունեցած տեղեկատվության պակասի խնդիրը։
Այս նախագծի շրջանակում Մաքսիմիլիան Սիմոնը կանցկացնի վարպետության դասեր հայ պատանի ջութակահարների համար։ Իր հերթին, Էդուարդ Թոփչյանը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ կատարելով Կորնհոլդի և Մ. Բրուխի ջութակի կոնցերտները, ինչպես նաև Մ. Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայի նախերգանքը։ Այս համերգը կնշանավորի ձեռնարկի հրատարակման իրադարձությունը և տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։