Հայաստանի դպրոցներում հնչեց վերջին զանգը
Մայիսի 22-ին Հայաստանի դպրոցներում տոնական մթնոլորտում ավարտվեց ուսումնական տարին։ Այս տարի մեր երկրում դպրոցն ավարտեցին ավելի քան 61 հազար աշակերտ։ Դրանցից 39 119-ը 9-րդ դասարանի շրջանավարտներ են,...
Մայիսի 22-ին Հայաստանի դպրոցներում տոնական մթնոլորտում ավարտվեց ուսումնական տարին։ Այս տարի մեր երկրում դպրոցն ավարտեցին ավելի քան 61 հազար աշակերտ։ Դրանցից 39 119-ը 9-րդ դասարանի շրջանավարտներ են, իսկ 22 205-ը՝ 12-րդ դասարանի։
Դպրոցն ավարտելու կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հղել է տոնական ուղերձ, որը նախատեսված է ոչ միայն շրջանավարտների, այլև նրանց ծնողների համար։
«Սիրելի՛ շրջանավարտներ, այս տարի ես ոչ միայն նախարար եմ, այլև ծնող, որի սիրելի երեխան նույնպես ավարտում է դպրոցը՝ քայլ անելով դեպի կյանքի նոր, հետաքրքիր շրջափուլ։ Ուզում եմ բոլորիդ դիմել, ինչպես կդիմեի իմ աղջկան։
Դուք հրաշալի սերունդ եք՝ վառ մտքերով, նորարարական գաղափարներով, ինքնուրույն և խիզախ։ Մի՛ մտածեք, որ ձեր երազանքներն ու նպատակները ավելի մեծ են, քան կարող եք անել։ Հետևողական ու նպատակասլաց աշխատանքով յուրաքանչյուր երազանք դառնում է իրականություն։
Մի՛ անհանգստացեք, որ կսխալվեք։ Սխալներն են հարթում առաջ գնացող ճանապարհը, եթե դուք ուշադիր եք դրանց և սովորում եք ձեր իսկ սխալներից։ Լսե՛ք քննադատությունը։ Միայն հաճելին լսելը ձեզ ոչ մի լավ տեղ չի տանում։ Քննադատությունն է օգնում մեզ շտկվել, տեսնել խնդիրներն ու բացերը, դրանց ուղղությամբ ճիշտ քայլեր անել։
Մի՛ վախեցեք առաջ գնալ, նույնիսկ երբ ամեն ինչ հստակ ու պարզ չէ։ Ամեն ինչ երբեք հստակ ու պարզ չի լինում։ Ձեր առաջնորդությունն է, ձեր ներքին ձայնն է, որ օգնում է որոշումներ կայացնել և հստակեցնել անելիքը։
Հիշե՛ք, որ երբեք չեք դադարելու սովորել։ Դպրոցում սովորածը ձեզ կօգնի՝ ամեն օր նոր բան սովորելու, աշխարհը ավելի լավ հասկանալու։
Բայց այդ ամենը՝ հետո։ Այսօր ուղղակի վայելեք ձեր օրը։ Ամուր գրկեք ձեր ընկերներին ու ուսուցիչներին։ Նրանք կյանքի այս կարևոր փուլի ձեր ամենամոտ ուղեկիցներն են։ Նրանց հետ ապրած օրերը ձեր կյանքի ամենապայծառ ու ջերմ զգացողություններն են, որ դուք կհիշեք պարբերաբար և ժպիտով։ Բարի՛ երթ», – ասվում է նախարարի ուղերձում։


