Հայաստանի իշխանությունները հետևում են իրավիճակին Իրանում
Իրանում և նրա շուրջ ստեղծվող իրավիճակին ուշադիր հետևում են Հայաստանի իշխանությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության քարտուղար...
Իրանում և նրա շուրջ ստեղծվող իրավիճակին ուշադիր հետևում են Հայաստանի իշխանությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Իրանի հետ սահմաններին իրավիճակի զարգացումների մասին անմիջապես տեղեկացվում են լիազոր գերատեսչությունները։ Նախորդ օրը տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվել են Իրանի շուրջ զարգացումների բոլոր հնարավոր սցենարները, այդ թվում՝ Հայաստանի համար հնարավոր ռիսկերը։
Պատգամավորը նաև հստակեցրել է, որ Իրանին առնչվող բոլոր ծրագրերը, որոնց վերաբերյալ կան ստորագրված փաստաթղթեր և պայմանավորվածություններ, շարունակում են իրականացվել։ Նա ընդգծել է, որ այդ ծրագրերը ոչ մի կերպ չեն ազդում Հայաստանի և ԱՄՆ-ի կամ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված պայմանավորվածությունների վրա։
Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, իր հերթին, նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը իրենից ներկայացնում է խաղաղ կղզի, ինչի հաջողվել է հասնել իշխանությունների հավասարակշռված քաղաքականության շնորհիվ։ «Մեր հաշվարկներն ու մեր քայլերը, հաստատված հարաբերությունները՝ սկսած Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստան և տարածաշրջանի պետություններ, ցույց են տալիս, որ բոլոր հնարավոր սցենարների դեպքում երկրի համար ներկայումս ապահովվում է լավագույն արդյունքը», – ասել է խորհրդարանականը՝ կոչ անելով լրագրողներին գնահատել այդ հանգամանքը։


