Իմ հոր՝ Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի և մյուս արցախցի պաշտոնյաների հարցով ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող գործողությունները խորապես մտահոգում են մեր ընտանիքին։ Այս մասին ես խոսել եմ ֆրանսիական France 24 հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։
Ալիևի այն խոսքերը, թե ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ներում չի ստանալու, և դրանք համեմատել Նյուրնբերգյան դատավարության հետ, իսկապես սարսափելի են։ Այս համեմատությունը, հատկապես հաշվի առնելով, որ մեր մայրը հրեական ծագում ունի, և այդպիսի կոշտ մեղադրանքներ հորս, որը մարդասեր է և տարածաշրջանի ամենահայտնի մարդասերներից մեկն է, հասցեին, խորապես ցավոտ են։
Այս հարցում կարևոր է նաև նշել, որ Ադրբեջանը մեղադրանքներ է հնչեցնում նաև «Ավրորա» մարդասիրական մրցանակի նախաձեռնության հասցեին, որը հիմնադրվել է ոչ միայն իմ հոր կողմից, այլև նման ճանաչված մարդասերների, ինչպիսիք են երջանկահիշատակ Էլի Վիզելը և Վարդան Գրեգորյանը։ Ադրբեջանը այս մրցանակը ստեղծած հիմնադրամն անվանում է ահաբեկչական կազմակերպություն։
Այսպիսով, մենք խոսում ենք շատ կոշտ և անհիմն մեղադրանքների մասին։ Մենք, իհարկե, հույս ունենք, որ այս հակամարտությունը կկարգավորվի, և վերջին հաշվով, մենք՝ և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները, և՛ բոլորը, ուզում ենք տարածաշրջանում իրական և երկարատև խաղաղություն։ Կարծում եմ՝ դրան հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է, նրանց տուն վերադարձնելը, երկրների միջև հարաբերությունների իրական կարգավորումն ու անցյալի բոլոր վերքերն ամոքելը։
Անդրադառնալով Բաքվի, այսպես կոչված, դատարանի վճիռը չբողոքարկելու մեր որոշմանը, պետք է նշեմ, որ մենք որոշեցինք այդ քայլը չանել՝ հաշվի առնելով ադրբեջանական դատարանի կողմնակալ և միակողմանի դիրքորոշումը։ Ինչպես նշել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, միայն այն փաստը, որ նրա պես քաղաքացիական անձը, որը երբեք չի զբաղեցրել զինվորական պաշտոն, դատվել է ռազմական տրիբունալում, հակասում է միջազգային բոլոր նորմերին։ Իրավաբանները երկուսուկես տարի չեն կարողացել նրա հետ շփվել, թույլ չեն տրվել միջազգային իրավունքի բազմաթիվ այլ խախտումներ։ Այս ամենը վկայում է, որ տեղի ունեցածը իրական դատաքննություն չէր, այլ քաղաքական շոու՝ նախատեսված ներքին լսարանի համար։
Մենք շատ գնահատում ենք տասնամյակներ տևած հակամարտությունը լուծելուն ուղղված Թրամփի վարչակազմի ջանքերը։ Նախագահ Թրամփի օգոստոսի 8-ի հայտարարությունը, երբ նա վարչապետ Փաշինյանին ասաց, որ Բաքվում պահվում են 23 հայ քրիստոնյա պատանդներ, և նա կօգնի նաև այս հարցում, շատ կարևոր էր։ Փոխնախագահ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան, որտեղ նա բարձրացրել է այս հարցը, նույնպես ցույց տվեց, որ հարաբերությունների կարգավորման գործում շատ կարևոր է նաև պատանդների ազատ արձակումը։
Ի վերջո, իմ հայրը Հայաստանի քաղաքացի է, և մյուս բոլոր հայ պատանդները՝ նույնպես։ Հայաստանի կառավարության հիմնարար պատասխանատվությունն ու պարտավորությունն է ապահովել այս բոլոր գերիների ազատ արձակումը, ինչպես նաև պարզել անհետ կորած անձանց ճակատագիրը։
Չնայած բոլոր դժվարություններին, մենք շարունակում ենք լավատես լինել։ Իմ հայրը միշտ մեզ ասում է, որ չկորցնենք հույսը, հավատարիմ մնանք մեր սկզբունքներին։ Նա հավատարիմ է իր սկզբունքներին և կոչ է անում մեզ ևս չտրվել վախին և շարունակել պաշտպանել ճշմարտությունը՝ անկախ նրանից, թե որքան դժվար է։ Նա անկեղծորեն հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան, որպես հարևաններ, գտնել համագոյակցելու ձև։