Հայաստանի գլխավոր դատախազը մասնակցում է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստին Չինաստանում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Շանհայում կայանալիք Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ)...
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Շանհայում կայանալիք Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 9-ին, Սինգապուրի Հանրապետությունում կայացած ԴՄԱ Գլխավոր ժողովում Աննա Վարդապետյանը ընտրվել է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ։ Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է, որի կազմում են Նախագահը, փոխնախագահները և 20 անդամներ։
ՀՀ գլխավոր դատախազությունը ԴՄԱ-ին անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից, իսկ որպես Գործադիր կոմիտեի անդամ առաջադրվել էր առաջին անգամ։
Ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին և իր գործունեության նպատակն է աջակցել բոլոր դատախազներին՝ խթանելու իրավունքի գերակայությունը և ապահովելու մասնագիտական վարքագծի վերաբերյալ ԴՄԱ չափանիշների լիարժեք կիրառումը։
Շանհայ քաղաքում նախատեսվում է նաև ՀՀ գլխավոր դատախազի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգի և Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետ։


