Արմեն Հովհաննիսյանի ողբերգությունը՝ իշխանական ռեպրեսիայի դրսևորում
Պետական ռեպրեսիվ ապարատի կիրառումը չնչին վարչական իրավախախտման՝ իշխող կուսակցության պաստառը պատռելու համար, և այդ արարքի կամայական քրեականացումը ակնհայտ քաղաքական հետապնդում է, որը բնորոշ է ավտորիտար...
Պետական ռեպրեսիվ ապարատի կիրառումը չնչին վարչական իրավախախտման՝ իշխող կուսակցության պաստառը պատռելու համար, և այդ արարքի կամայական քրեականացումը ակնհայտ քաղաքական հետապնդում է, որը բնորոշ է ավտորիտար համակարգերին։ Այս կարծիքն արտահայտել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը՝ մեկնաբանելով Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանությունը, ով կախվել էր հիվանդանոցի խցում՝ իշխող կուսակցության պաստառը պատռելու պատճառով ձերբակալվելուց հետո։
Իր հայտարարության մեջ փաստաբանը խորին ցավակցություն է հայտնել Արմեն Հովհաննիսյանի ընտանիքին՝ նշելով, որ ողբերգական և ամբողջությամբ կանխելի մահվան փաստը զրկել է կյանքից մարդուն պետության վերահսկողության ներքո։ «Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը՝ մեկ քաղաքական պաստառը արժեցավ մարդկային կյանք», – ընդգծել է Ամստերդամը։
Նրա կարծիքով՝ գործելակերպի նման մեթոդները պետական լիազորությունների չարաշահում են արդարադատության իրականացման քողի տակ, ինչն ուղղակիորեն խախտում է իրավական որոշակիության և համաչափության հիմնարար սկզբունքները։
Ամստերդամը նաև նշել է, որ Արմեն Հովհաննիսյանի տեղափոխումը պետական հոգեբուժական հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ անց նրան գտել են կախված, համակարգային ձախողման և հանցավոր անփութության դրոշմ է։ Նա կոչ է արել չթույլ տալ իշխող ռեժիմին թաքցնել այս իրադարձությունը սովորական ինքնասպանության քողի տակ՝ նշելով, որ քարոզչական պաստառը կարելի է փոխարինել, իսկ մարդկային կյանքը՝ երբեք։ Փաստաբանը պահանջել է անհապաղ անկախ միջազգային հետաքննություն և պետական պաշտոնատար անձանց կողմից լիակատար պատասխանատվության սահմանում։
Իրավիճակի վերաբերյալ հանդես են եկել նաև հինգ իրավապաշտպաններ, ովքեր ընդգծել են, որ քաղաքացու ինքնասպանության մասին լուրը ոչ թե առանձին ողբերգություն է, այլ իրավապահ համակարգի կողմից օրենքի կոպտագույն խախտման դրսևորում։ Նրանց կարծիքով՝ պաստառ պատռելու արարքը, որը հստակ սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11 հոդվածով, չի կարող հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելու կամ անձին կալանավորելու համար։
Իրավապաշտպանները նշել են, որ Հայաստանում ստեղծվել է իրականություն, որտեղ իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական ծառայության գործիքի, իսկ օրենքը՝ կամայական մեկնաբանությունների առարկայի։ Նրանց հայտարարության մեջ նշված է, որ այս ծանր հանցագործությունը, որը քաղաքացուն կյանք է արժեցել, չի կարելի ներկայացնել որպես «դժբախտ պատահար» կամ «անձնական ողբերգություն», այլ որպես իրավական անփութության, անպատժելիության և օրենքի ակնհայտ խեղաթյուրման հետևանք։


