Հայաստանը ներկայացրել է իր առաջավոր փորձը դպրոցական սննդի ոլորտում
Հայաստանը հաջողությամբ կազմակերպել և անցկացրել «Դպրոցական սննդի կայուն տեղայնացումը գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» խորագրով բարձր մակարդակի տարածաշրջանային միջոցառումը։ Հանդիպմանը, որը տեղի է...
Հայաստանը հաջողությամբ կազմակերպել և անցկացրել «Դպրոցական սննդի կայուն տեղայնացումը գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» խորագրով բարձր մակարդակի տարածաշրջանային միջոցառումը։ Հանդիպմանը, որը տեղի է ունեցել տեխնիկական ճանաչողական այցի շրջանակներում, մասնակցել են Ղրղզստանի և Տաջիկստանի բարձրաստիճան պատվիրակությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ)՝ սովի դեմ պայքարի Բրազիլական առաջավոր փորձի կենտրոնի ներկայացուցիչները։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, որը հանդիպմանը հանդես էր գալիս բացման խոսքով, ընդգծել է այս միջոցառման կարևորությունը՝ որպես երկրների միջև համագործակցության զարգացման և առաջավոր փորձի փոխանակման հարթակ։ Նա նշել է, որ այս հանդիպումը հատկապես արդիական է պարենային անվտանգության գլոբալ մարտահրավերների, կլիմայի փոփոխության և համաշխարհային մատակարարման շղթաների խափանումների համատեքստում։
Աբիսողոմոնյանը ներկայացրել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ որպես Հայաստանի սոցիալական պաշտպանության, երեխաների առողջ սնուցման և կենսակերպի ոլորտում առաջավոր փորձի հաջող օրինակ։ Ըստ նրա՝ այս ծրագիրը ոչ միայն ապահովում է երեխաների սննդի անվտանգությունը, այլև խթանում է տեղական համայնքների ամրապնդումը և կայուն պարենային համակարգերի զարգացումը։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ երկարատև և արդյունավետ համագործակցությունը՝ ծրագրի մշակման և իրականացման ընթացքում։ Նա նշել է, որ այս համագործակցությունը նպաստել է ազգային ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, ինչի արդյունքում Հայաստանի կառավարությունը ներկայումս ապահովում է ծրագրի իրականացումը մարզերում։
ՀՀ կառավարության կողմից ծրագրի ֆինանսավորման մասին խոսելիս Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ 2010-ից 2024 թվականներն ընդգրկող ժամանակահատվածում Ռուսաստանը ֆինանսավորել է ծրագրի 4 փուլերը՝ ընդհանուր առմամբ 43 միլիոն դոլարի չափով։ Այսօր ծրագրի 5-րդ փուլը, որի նպատակն է 2025-2030 թվականներին Հայաստանում կայուն սննդի համակարգի զարգացումը, իրականացվում է ՄԱԿ-ի ՊՀԾ հիմնադրամի միջոցով՝ Ռուսաստանի ավելի քան 25 միլիոն դոլարի նպատակային մասհանմամբ։


