Կառավարությունը հավանություն տվեց աշխատանքային օրենսգրքում «ծնողական ժամ» սահմանելու մասին օրենքի նախագծին
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում անհետաձգելի կարգով հավանություն տվեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին։ Այս փոփոխությունները նպատակ ունեն...
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում անհետաձգելի կարգով հավանություն տվեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին։ Այս փոփոխությունները նպատակ ունեն ապահովել աշխատողների աշխատանքային և ընտանեկան պարտականությունների միջև ավելի արդյունավետ հավասարակշռությունը՝ սահմանելով «ծնողական ժամ» հասկացությունը։
Նախագծի հիմնական նպատակն է բարձրացնել աշխատողների սոցիալական պաշտպանությունը և աշխատանքի արդյունավետությունը՝ միաժամանակ աջակցելով ընտանիքներին։ Ըստ փաստաթղթի՝ մինչև տասներկու տարեկան, ինչպես նաև հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող մինչև տասնութ տարեկան երեխաները պահանջում են ծնողի առավել ակտիվ և շարունակական ուշադրություն, խնամք և ներգրավվածություն։
Աշխատանքային պարտականությունների և ծնողական պատասխանատվության միաժամանակյա կատարումը հաճախ առաջացնում է օբյեկտիվ դժվարություններ, որոնք կարող են բացասաբար ազդել ինչպես երեխայի զարգացման վրա, այնպես էլ աշխատողի արդյունավետության վրա։ Նոր դրույթը աշխատող ծնողներին կտրամադրի առավել ճկուն հնարավորություն՝ կազմակերպելու իրենց աշխատանքային և ընտանեկան պարտականությունները՝ ապահովելով երեխայի խնամքի, կրթության և առողջության նկատմամբ անհրաժեշտ վերահսկողությունը։
Այս մոտեցումը նպաստում է աշխատավայրում սթրեսի նվազեցմանը, աշխատողների սոցիալական պաշտպանվածության բարձրացմանը և աշխատանքային արդյունավետության պահպանմանը։ Ծնողական ժամի տրամադրումը կկատարվի տարբերակված կերպով՝ կախված երեխաների թվից և երեխայի հաշմանդամություն ունենալու հանգամանքից։ Այս տարբերակումը բխում է սոցիալական արդարության սկզբունքից, քանի որ բազմազավակ ընտանիքները և հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեցող ծնողները բախվում են առավել մեծ խնամքի բեռի։
Հիմնականում, ծնողական ժամը կներառվի աշխատողի աշխատաժամանակում, և դրա ընթացքում աշխատավարձը կպահպանվի։ Սա երաշխավորում է, որ աշխատողը չի կրի ֆինանսական կորուստ՝ իր ծնողական պարտականությունները կատարելու պատճառով, ինչը համապատասխանում է սոցիալական պետության սկզբունքներին և աշխատանքի իրավունքի հիմնարար երաշխիքներին։
Ըստ կառավարության հիմնավորման՝ առաջարկվող դրույթները նպաստում են ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը, երեխաների բարեկեցության բարձրացմանը և աշխատողների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։


