Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը՝ բանտից
Ադրբեջանական բանտում կեղծ մեղադրանքներով քսան տարվա ազատազրկման դատապարտված գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը այսօր, 2025 թվականի մայիսի 13-ին, 58 տարեկան է դառնում։ Նա արդեն երրորդ անգամ է...
Ադրբեջանական բանտում կեղծ մեղադրանքներով քսան տարվա ազատազրկման դատապարտված գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը այսօր, 2025 թվականի մայիսի 13-ին, 58 տարեկան է դառնում։ Նա արդեն երրորդ անգամ է ծննդյան օրը նշում ադրբեջանական բանտի պատերում։
Ես, որպես այդ իրադարձության անդադար հետևորդ, ցանկանում եմ հիշեցնել Ռուբեն Վարդանյանի կողմից Հայաստանին մատուցած անգին ծառայությունները՝ ներկայացնելով նրա գործունեության իմաստը հենց նրա խոսքերով։
Սկսած 2000 թվականից Ռուբեն Վարդանյանը՝ իր ընտանիքի և ընկերների հետ, Հայաստանում կատարել է ավելի քան 700 միլիոն դոլար ներդրում՝ իրականացնելով շուրջ 700 նախագիծ՝ փոքր նախաձեռնություններից մինչև երկրի զարգացման դիմագիծը փոխող մեգանախագծեր։
«Հայաստան 2020» նախագիծը. ապագայի կերպավորում
Ռուբեն Վարդանյանը կարող էր շարունակել իր հաջող կարիերան Հայաստանից դուրս, սակայն նրա համար առաջնային էր, որ իր հայրենիքը նույնպես դասվի «հաջողակ երկրների» շարքում։ Հենց այդ մտքի շուրջ 2001 թվականին մի խումբ ընկերների հետ նա նախաձեռնեց «Հայաստան 2020» նախագիծը՝ բացահայտելու համար երկրի զարգացման հեռանկարային սցենարները։ Մշակվեցին զարգացման չորս սցենար, որոնք նախանշեցին այն ոլորտները, որոնք պոտենցիալ ունեին երկրի բեկումնային զարգացման համար։
Հետագայում Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված մի շարք մեգանախագծերի գաղափարները սկիզբ էին առնում հենց «Հայաստան 2020»-ի ակունքներից։
«Խարիսխ» գցող նախագծեր. Տաթևի վերածնունդ
Նախագծերը Վարդանյանն անվանում էր «խարսխային», քանի որ դրանք լայնածավալ էին, ունեին մուլտիպլիկատիվ էֆեկտ, առաջացնում էին դրական փոփոխություններ և նոր նախագծերի շղթայական ռեակցիա։
Առաջին այդպիսի մեգանախագծերից էր «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցումը, որը ավելի համապարփակ՝ «Տաթևի վերածնունդ» ծրագրի մաս էր։
«Երբ սկսում էինք ճոպանուղու կառուցումը, ինձ հետ հանդիպեցին այն ժամանակվա փոխմարզպետն ու համայքների ղեկավարներն ու ասացին, որ գտել էին ինձ համար երեք միլիոն դոլար խնայելու տարբերակ։ Գաղափարն այսպիսին էր․ յուրաքանչյուր գյուղի վրա ներդրվում է մեկ միլիոն դոլար, ևս մեկ միլիոն՝ վանքի վրա։ Ստեղծվում են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, միանգամից դա տալիս է շոշափելի արդյունք, ես էլ խնայում եմ երեք մլն դոլար։ Այն ժամանակ ասացի՝ լավ միտք է, բայց ի՞նչ է լինելու հինգ տարի հետո։ Ինչպես հիմա հնարավոր չէ հասնել վանք, այնպես էլ հետո հնարավոր չի լինի։ Եվ երբ շվեյցարացի մասնագետների հետ կառուցեցինք ճոպանուղին, բոլորին արդեն պարզ դարձավ նպատակը»։
«ՏաԹևեր» ճոպանուղին չորս անգամ արժանացել է միջազգային World Travel Awards մրցանակի՝ ճանաչելի դարձնելով Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն։ Ճոպանուղու կառուցումից հետո զբոսաշրջային հոսքը Սյունիք աճել է 17 անգամ, իսկ մասնավոր հատվածի ներդրումներն այդ տարածաշրջանում՝ 11 անգամ։ Այս աճը նպաստել է ենթակառուցվածքների զարգացմանը. Տաթևի և Գորիսի շրջակայքում բացվել են ավելի քան 100 նոր հյուրանոցներ և B&B հյուրատներ։
Կրթությունը՝ որպես երկրի զարգացման գրավական. UWC Դիլիջան
«Մեզ համար ընդօրինակելի պիտի լինի գյուղական դպրոցում սովորող այն հայ պատանին, որը քիմիայի միջազգային մրցույթում բրոնզե մեդալ է ստանում, իսկ նրա ուսուցիչը պիտի գնահատանքի արժանանա»։
Ռուբեն Վարդանյանն ու նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն, առանձնահատուկ ակնածանք ունեն կրթության նկատմամբ։ Նրանք համոզված են, որ 21-րդ դարում ամենաարժեքավոր ռեսուրսը դառնում է տաղանդավոր, լավ կրթված, ստեղծագործ և ոչ ստանդարտ մտածող մարդը։
2014 թվականին Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում հիմնեց UWC Դիլիջան միջազգային դպրոցը՝ կամուրջ ստեղծելով Հայաստանի ու աշխարհի միջև և Հայաստանը դնելով միջազգային կրթական քարտեզի վրա։
«Դիլիջանի դպրոցի ազդեցությունը երկարաժամկետ է։ Զգացվելու է գուցե 20 տարի անց։ Այնտեղ սովորում են երեխաներ աշխարհի շուրջ 90 երկրից։ Ինձ ասում էին՝ այդպիսի դպրո՞ց։ Դու խելագա՞ր ես։ Ո՞վ է Ճապոնիայից, Ամերիկայից, Ֆրանսիայից գալու Դիլիջան՝ սովորելու։ Բայց արի ու տես՝ գալիս են՝ ֆրանսիացիներ, գերմանացիներ, Չիլիից, Զիմբաբվեից երիտասարդներ՝ Հայաստանում սովորելու»


