19 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Միջազգային

ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը

Հարգելի՛ գործընկերներ, Մեր հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ շարունակվող հակամարտությունները, վստահության խարխլումը և մարդու իրավունքների խախտումները մարտահրավեր են նետում ԵԱՀԿ...

Արեգնազ Միքայելյան
18 Հունիսի, 2026 2 Րոպեական ընթերցում

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ շարունակվող հակամարտությունները, վստահության խարխլումը և մարդու իրավունքների խախտումները մարտահրավեր են նետում ԵԱՀԿ տարածքում կայունությանը։ Այսպիսի պայմաններում եվրոպական անվտանգության ճարտարապետության հիմքում ընկած սկզբունքները և հանձնառությունները շարունակում են լինել առավել քան արդիական։

ԵԱՀԿ-ն շարունակում է լինել բացառիկ հարթակ՝ մասնակից պետությունների միջև երկխոսության և վստահության ամրապնդման համար։ Սակայն Կազմակերպության արդյունավետությունը սերտորեն կապված է ԵԱՀԿ հանձնառությունների բարեխիղճ կատարման հետ։ Այսօր ԵԱՀԿ առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների հիմքում ընկած են ոչ թե ինքնին սկզբունքները, այլ հանձնառությունների և դրանց իրականացման միջև առկա բացը։ Սա ընդգծում է գործող հանձնառությունների կատարումն ամրապնդելու և անվտանգության ի հայտ եկող մարտահրավերների համատեքստում ԵԱՀԿ գործիքակազմի և մեխանիզմների արդյունավետությունը և պատշաճ արձագանքն ապահովելու անհրաժեշտությունը։

Սպառազինությունների վերահսկումը, վստահության ամրապնդման միջոցառումները և ստուգման մեխանիզմները շարունակում են մնալ ԵԱՀԿ-ի՝ անվտանգության համապարփակ մոտեցման կարևոր բաղադրիչները։ Վստահելի սպառազինությունների վերահսկումը և ստուգման մեխանիզմները կարող են նպաստել թափանցիկությանը, կանխատեսելիությանը և ռիսկերի նվազեցմանը՝ դրանով իսկ ամրապնդելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Այդուհանդերձ, պրակտիկայում և դատելով փորձից՝ սպառազինությունների վերահսկման մեխանիզմների արդյունավետությունը և վստահելիությունը վերջիվերջո կախված են անվտանգային իրողություններին, դրանց ի հայտ գալուն զուգընթաց, արձագանքելու և էսկալացիայից խուսափելու համար գործուն երաշխիքներ ապահովելու կարողությունից։

Վերջին տարիների զարգացումներն ի ցույց են դրել այդ մեխանիզմների սահմանափակումները՝ համարժեք արձագանքելու փոփոխվող անվտանգային իրողություններին։ Այս մարտահրավերն էլ ավելի է ընդգծվում արագ տեխնոլոգիական զարգացումների և պատերազմի վարման փոփոխվող մեթոդների պայմաններում, որոնք շարունակում են վերափոխել անվտանգային միջավայրը։ Արդի անվտանգային մարտահրավերների արձագանքման առկա գործիքակազմի արդիականության և արդյունավետության պահպանումը, ինչպես նաև արձագանքման կարողունակությունը հետևաբար պետք է շարունակեն լինել մասնակից պետությունների կարևոր առաջնահերթություն։

2025թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում իմ վերջին ելույթից ի վեր մեր տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալի զարգացումներ։ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարները, վերջինիս՝ որպես վկա, ստորագրեցին Համատեղ հռչակագիր՝ Հարավային Կովկասում բացելով խաղաղության, բարեկեցության և տարածաշրջանային համագործակցության նոր էջ։

Վաշինգտոնի գագաթնաժողովն էական հնարավորություն է ստեղծել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության առավել լայն օրակարգի առաջմղման համար։ Այս համատեքստում փոխկապակցվածությունը հանդիսանում է նոր տարածաշրջանային իրողության կարևոր հենասյուն։

Այս պայմանավորվածություններին համահունչ՝ Հայաստանն աշխատանքներ է իրականացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ մշակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) փոխկապակցվածության նախագծի շրջանակը։ Հունիսի սկզբին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի և Միացյալ Նահանգների պետքարտուղարի կողմից ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ հանդիսացավ այդ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին։ Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության սկզբունքների վրա՝ ԹՐԻՓՓ նախագիծը նպատակ ունի խթանել միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային փոխկապակցվածությունը, խթանել տարածաշրջանային և համաշխարհային առևտուրը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։

Հայաստանը կարևորում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացը՝ որպես ավելի լայն տարածաշրջանային կայունության և փոխկապակցվածության կարևոր բաղադրիչ՝ Հարավային Կովկասում և դրանից դուրս առավել կանխատեսելի և համագործակցային միջավայրի խթանմանն ուղղված շարունակական ջանքերի շրջանակում։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!