ՀՅԴ Արագածոտնի մարզային կոմիտեության ներկայացուցիչը կալանավորվել է, իսկ «Հայաստան» դաշինքի անդամը՝ տնային կալանքի տակ է
ՀՀ-ում շարունակվում են քրեաքաղաքական հետապնդումները։ Այս մասին հայտնի դարձավ այսօր։ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ կեղծ և շինծու մեղադրանքներով երկու...
ՀՀ-ում շարունակվում են քրեաքաղաքական հետապնդումները։ Այս մասին հայտնի դարձավ այսօր։
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ կեղծ և շինծու մեղադրանքներով երկու ամսով կալանավորվել է ՀՅԴ Արագածոտնի մարզային կոմիտեության ներկայացուցիչ Ռուսլան Բարսեղյանը։
Վարդանյանը նշել է, որ սա մեր երկրում տիրող քրեաքաղաքական տեռորի հերթական դրսևորումն է, որը, բնականաբար, հարվածում է ազգային դիմագիծ և սկզբունքներ ունեցող մարդկանց։ Նրա խոսքով՝ մեր օրերում բանտերով անցնելը արդեն ոչ թե հանցագործության, այլ պատվի և սկզբունքայնության վկայություն է դարձել։
«Իմաստ չեմ տեսնում որևէ դաշնակցականի՝ բանտում կամ մարտի դաշտում ուժեղ և պինդ մնալու հորդորներ անել, որովհետև դա մեր ընկերների էությունն ու տեսակն է։ Ուղղակի պետք է հիշել, որ այս ամենը մի օր անցնելու է, և ոչինչ չի՛ մոռացվելու…», – գրել է նա։
Այսպիսով, ՀՅԴ-ի ներկայացուցիչը միանում է այն անձանց ցանկին, որոնց դեմ, ըստ կուսակցության, քրեաքաղաքական հետապնդումներ են իրականացվում։
Այսօր հայտնի դարձավ նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի անդամ Ասատուր Քոչարյանը տնային կալանքի տակ է։ Հետաքննությունը նրան մեղադրում է ընտրողներին կաշառելու համար։


