Կառավարությունը նախատեսում է դատական նիստերն անցկացնել տեսակապի միջոցով
Հունիսի 16-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվեց օրենքների նախագծերի փաթեթ, որի նպատակն է բարելավել դատական գործընթացների արդյունավետությունը և ապահովել ազատությունից զրկված անձանց...
Հունիսի 16-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվեց օրենքների նախագծերի փաթեթ, որի նպատակն է բարելավել դատական գործընթացների արդյունավետությունը և ապահովել ազատությունից զրկված անձանց իրավունքները։
Հիմնական զեկուցող, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները։ Ըստ նրա՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում դատարանը կունենա իրավասություն անցկացնել դատական նիստեր տեսակապի միջոցով՝ ազատությունից զրկված մեղադրյալի մասնակցությամբ։ Այս մասնակցությունը կարող է ապահովվել ինչպես մեղադրյալի՝ իր հարցման հիման վրա, այնպես էլ դատարանի սեփական նախաձեռնությամբ։
Նախարարը նշեց, որ տեսակապի կիրառումը կդառնա անհրաժեշտ, եթե դա կօգնի պահպանել հասարակական կարգը և առողջությունը, ապահովել վարույթի մասնակիցների իրավունքները և անվտանգությունը, կանխել հանցագործությունները կամ արագացնել դատական քննության ընթացքը։
Արփինե Սարգսյանը նաև ընդգծեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավաչափ է համարում տեսակապի միջոցով ազատությունից զրկված անձանց մասնակցությունը դատական գործընթացին։
Փաթեթի համաձայն՝ Կառավարությունը կունենա լիազորություն սահմանել գործընթացի կազմակերպման չափանիշները և տեխնիկական միջոցներին ներկայացվող պահանջները՝ իրավունքի որևէ չարաշահումը կանխելու նպատակով։
Օրենսդրական փոփոխությունները նախատեսվում են կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից հետո նշանակվող դատական նիստերի նկատմամբ։ Սա կտրամադրի անհրաժեշտ ժամանակ Դատական դեպարտամենտին, Արդարադատության նախարարությանը և Ներքին գործերի նախարարությանը՝ համալրվել նյութատեխնիկական ռեսուրսներով և ապահովել տեսակապի միջոցով նիստերի անցկացման հնարավորությունը։
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը տեղեկացրեց, որ օրենսդրական փաթեթը դրական եզրակացություն է ստացել, և կոչ արեց պատգամավորներին կողմ քվեարկել։


