Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ անվտանգության և պաշտպանության ոլորտի խորհրդակցությունների երկրորդ նիստը
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև անվտանգության և պաշտպանության ոլորտի խորհրդակցությունների երկրորդ նիստը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են...
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև անվտանգության և պաշտպանության ոլորտի խորհրդակցությունների երկրորդ նիստը։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Կողմերը մանրամասն քննարկել են Հայաստանում անվտանգության ոլորտի բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում շարունակական համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում գործող ԵՄ առաքելության գործունեությանը։
Հատկանշական է, որ կողմերը քննարկել են Հայաստանի համապատասխան կրթական հաստատությունների և Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի միջև համագործակցության հաստատման հեռանկարները, ինչը կարևոր է երկուստեք մասնագիտական փոխանակման և կրթական ոլորտի զարգացման համար։
Մտքեր են փոխանակվել նաև հիբրիդային սպառնալիքների դեմ դիմակայության ոլորտում Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության շուրջ։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի համապատասխան կառույցների կարողությունների զարգացմանը։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող արդի հարցերի։


