Ադրբեջանը Ստեփանակերտում «Հաղթանակի զբոսայգի» է հիմնել՝ հայկական հետքն ու ժառանգությունը մաքրելու նպատակով

Ադրբեջանը շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը՝ 44 թիվը դարձնելով «ազգային հպարտության խորհրդանիշ» և արտաքին լսարանին ներկայանալով կեղծ «խաղաղության օրակարգ»-ով։ Սա ասված է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հաղորդագրությունում։

Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցել են այսպես կոչված «Հաղթանակի զբոսայգու» բացման արարողությանը։

«Բաքուն ամենաբարձր՝ նախագահի մակարդակով, շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը սեփական հանրության շրջանում։ Արցախի հայկական դիմագիծն ու հետքերը վերացնելու գործընթացը մեկ անգամ ևս փաստում է «Հաղթանակի զբոսայգին»։ Այս ռազմատենչ միջոցառումները, որոնք իրականացվում են 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ռազմական հզորության շեշտադրմամբ, հակահայկական քարոզչությամբ, նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությամբ և 5 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող ռազմական ծախսերի ավելացմամբ, իրականում խոսում են ոչ թե «խաղաղության օրակարգին» պատրաստ լինելու, այլ՝ ուղղված են հակահայկական տրամադրությունների սրացմանը», – նշվում է հաղորդագրությունում։

Զբոսայգին, որը հիմնվել է Ստեփանակերտում, իրենից ներկայացնում է 44 մետր բարձրությամբ Հաղթական կամար, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմի օրերը։ Կառույցը բաղկացած է 10 հարկից և հարթակից, որի իններորդ հարկում տեղակայված է «Հաղթանակի պատկերասրահ»։ Տախտակների վրա տեղադրված են 2023 թվականին իրականացրած ռազմական գործողությունների, որոնք Բաքուն ներկայացնում է որպես «հակաահաբեկչական գործողություն»։

Այգու մուտքից դեպի կամար տանող աստիճանները, ինչպես նաև կենտրոնական հատվածում տեղադրված հուշատախտակները, իբրև թե պատմում են 2020 թվականի պատերազմի ընթացքի մասին։

Հիմնադրամի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստեփանակերտը որպես հիմնական թիրախ ընտրելով՝ Բաքուն ակտիվորեն ապօրինի կերպով յուրացնում է հայ բնակչության գույքն ու բնակարանները, իրականացնում է քաղաքի ադրբեջանականացում և փորձում ազատվել ոչ միայն հայկական հուշարձաններից ու կոթողներից, այլև՝ Արցախի պետականության խորհրդանիշներից՝ ցուցադրաբար ավերելով դրանք։

«Ադրբեջանի կողմից որդեգրած գործընթացն Արցախում միտված է հայկական հետքն ու ժառանգությունը «մաքրելուն» ու «ադրբեջանական» ներկայացնելուն։ Փաստ է, որ Բաքվի՝ հայատյաց ու հայկականի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքն իրականացվում է պետական բարձր մակարդակով ու ալիևյան բռնատիրական ռեժիմի վերահսկողությամբ», – եզրափակում է հաղորդագրությունը։