Այսօր, դեկտեմբերի 23-ին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտային։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Քննարկման ընթացքում ամփոփվել են արդեն իրականացված համատեղ աշխատանքների արդյունքները։
Հանդիպման օրակարգում առանձին կետեր էին ավագ սերնդի ներկայացուցիչների առողջապահության ապահովագրության, համայնքային փոքր տներում բնակվող անձանց մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և աջակցող միջոցների ցանկի ընդլայնման հարցերը։ Օրինակներ են կոխլեար իմպլանտներն ու անվասայլակները։
Ավելի լայն համագործակցության շրջանակում դիտարկվել են անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ԱՀԿ-ի աջակցությամբ մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների շրջանակում փորձագիտական աջակցության և փորձի փոխանակման հնարավորությունները։
Քննարկվել են նաև ԱՀԿ հետ համատեղ աշխատանքների զարգացման հնարավորությունները՝ ներառյալ բազմակողմ համագործակցությունը Վրաստանի հետ։