Գերմանացի քաղաքագետ Աքսել Ֆիշերը կալանավորվել է կաշառքի մեղադրանքով

Գերմանիայի դատարանը կալանավորել է Բունդեսթագի նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերին, ով կասկածվում է կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը ներկայացնելու մեջ։

Ինչպես հայտնի է դարձել, նախկին պատգամավորը բազմիցս բաց է թողել դատական նիստերը, իսկ վերջին նիստից առաջ դիմել է բժշկական օգնության։ Սակայն դատարանի կողմից նշանակված փորձագետների եզրահանգումներից պարզվել է, որ Ֆիշերը կարող էր մասնակցել իր բաց թողած, առնվազն, երկու նիստի։ Արդյունքում՝ նրան ձերբակալել են Բադ-Զեկինգեն քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Ֆիշերի փաստաբանները դիմել են բողոքի կարգով։

Դեկտեմբերի 22-ի դատական նիստի ընթացքում նախկին պատգամավորը հայտարարել է իր անմեղության մասին։ Նոր նիստեր նշանակվել են դեկտեմբերի 23-ին և հունվարի սկզբին։ Մինչև դրանցից առաջինը նա կմնա Մյունխենի Շտադելհայմ բանտի քննչական մեկուսարանում։

Աքսել Ֆիշերը ՔԴՄ կուսակցությունից Բունդեսթագի անդամ է եղել 1998-2021 թվականներին, իսկ 2010 թվականից՝ նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ։

Այս գործը սկանդալային է դարձել 2018 թվականին, երբ պարզվել է, որ ԵԽԽՎ-ի մի քանի անդամներ կաշառք են ստացել Ադրբեջանի իշխանություններից՝ Եվրոպայում նրանց շահերը ներկայացնելու համար։ Քննչական կոմիտեն պնդում է, որ Ֆիշերը փողի դիմաց քվեարկել է Բաքվի շահերով, հանդես է եկել ադրբեջանամետ հայտարարություններով և փոխանցել գաղտնի փաստաթղթեր։ Ըստ պաշտոնական տվյալների՝ նախկին պատգամավորը 2011-2014 թվականներին ստացել է 58 000 եվրո, իսկ 2015-2016 թվականներին՝ ևս 26 300 եվրո։

Հունվարին կլրանա մեկ առանցքային մեղադրանքների համար վաղեմության ժամկետը, սակայն իրավապահ մարմինները վստահ են, որ դատարանը կհասցնի կայացնել վերջնական որոշումը։