Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտնի դարձավ կուսակցության կողմից տարածված հայտարարությունից։
Կուսակցության գործադիր մարմինը փետրվարի 26-ի նիստում բազմակողմանիորեն քննարկեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև ընտրական գործընթացին նախորդող զարգացումները։
Քննարկման արդյունքում կուսակցությունը եկել է մի քանի հիմնարար եզրահանգումների։ Ըստ կուսակցության՝ ներքաղաքական լարվածությունը շարունակում է բարձր մնալ, քաղաքական դաշտը բևեռացված է, իսկ պետական ինստիտուտների նկատմամբ պատասխանատվության մեխանիզմները չեն ապահովում արդյունավետ հակակշիռներ։ Կուսակցության գաղափարական հիմքերը և ռազմավարական պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ զգալիորեն տարբերվում են գործող քաղաքական ուժերի մոտեցումներից, ինչը դարձնում է կուսակցության համար իրատեսական դաշինքի ձևավորումը անհնար։
Կուսակցության գործադիր մարմինը նաև նշել է, որ ընդդիմադիր դաշտից ընտրություններին մասնակցող ուժերի քանակի ավելացումը կարող է բացասաբար անդրադառնալ ընտրողների քվեների բաշխման վրա՝ առաջացնելով քաղաքական ռեսուրսների անարդյունավետություն։
Այս ամենի հիման վրա, մի կողմից ընդդիմադիր ձայների համախմբմանը նպաստելու և մյուս կողմից՝ արհեստական դաշինքներից խուսափելու նպատակով, «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմինը կայացրել է հետևյալ որոշումները․
1. Չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին։
2. Հորդորել կուսակցության անդամներին, համակիրներին և աջակիցներին առաջիկա ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից՝ ըստ իրենց սեփական նախընտրության։
3. Շարունակել «Հայրենիք» կուսակցության զարգացման գործընթացը՝ կուսակցաշինության բոլոր ուղղություններով։
Կուսակցությունը հայտնել է, որ սույն որոշման հետ կապված հարցերին կանդրադառնա ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո՝ ելնելով իր պատասխանատվությունից։