ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել է նոր քրեական գործ՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված։
Քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հաստատվել է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ն առանց որևէ հիմնավորման, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան հանձնարարել է ոստիկանության ծառայողներին ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին։
Հ․Թ․-ի հանձնարարությամբ ոստիկանները կատարել են իրենց պաշտոնական լիազորություններից չբխող և դրանց շրջանակից դուրս արարք։ Նրանք բռնություն են գործադրել Է․Ա․-ի նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով նրան առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել։
ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա Հ․Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելու համար։ 2026 թվականի փետրվարի 25-ին Հ․Թ․-ն ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ի Երևանի կենտրոնում տեղի ունեցած ցույցերի ժամանակ զոհվել էր 10 մարդ։ Նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հրաժարվել էին ճանաչել ընտրական արդյունքները և սկսել էին շուրջօրյա բողոքի ակցիաներ։ Ցույցերին մասնակցողների դեմ կիրառվել էր մարտական զենք։ Այդ իրադարձությունների կազմակերպիչներից և իրականացնողներից ոչ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ներկայացվել։